Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սերժանտ Գևորգ Դադասյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  սերժանտ Գևորգ Դադասյանին 12.10.2017

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած սերժանտ Գևորգ Դադասյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորը, Նորին Սրբության օրհնությամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ անհրաժեշտ բուժում է ստացել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու մաղթանքները բերելով քաջարի հայորդուն, նշեց, որ մեծ մխիթարություն է որևէ կերպ զորավիգ լինել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած արիասիրտ զավակներին, որոնց ծառայությամբ ապահով և անվտանգ են պահվում հայրենյաց սահմանները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել վիրավոր զինվորներին իրենց բուժման և ապաքինման հարցում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: