Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրենին
Մարտի 22-ին հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխաիլ Պիոտրովսկուն` ուղեկցությամբ Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի հարավկովկասյան մասնաճյուղի տնօրեն Արմենիկա Կիվիրյանի:
«Մենք Պիոտրովսկի ազգանունը մեր շուրթերի վրա հպարտությամբ ենք կրում` բարձր գնահատելով այն ծառայությունները, որ ձեր ընտանիքն իրականացրել է հանդեպ մեր ժողովուրդը, եւ ներդրումը, որ ունեցել է մեր ազգային մշակութային կյանքում»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղելով տիար Պիոտրովսկուն: Նորին Սրբությունը գոհությամբ անդրադարձավ նաեւ Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում, փետրվարին Էրմիտաժում կազմակերպված «Սուրբ Էջմիածնի գանձերը» ցուցացանդեսի արդյունքներին եւ իր գնահատանքը հայտնեց ինչպես համագործակցության, այնպես եւ աշխարհին մեր ազգային արժեքները ներկայացնող առաջիկա ծրագրերի համար:
«Հայաստանն ու Ռուսաստանը մշտապես սերտորեն կապված են եղել: ...Եվ մենք հպարտ ենք, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումը սկսվեց Սանկտ Պետերբուրգում Սուրբ Էջմիածնի սրբությունների ցուցադրությամբ»,- ընդգծեց Միխաիլ Պիոտրովսկին իր խոսքում` անդրադառնալով նաեւ Սուրբ Էջմիածնի հանդեպ տածած իր ջերմ զգացումներին եւ քաղցրությամբ վերհիշելով Վեհափառ Հայրապետի հետ ունեցած հանդիպումները Սանկտ Պետերբուրգում:
Հանդիպման ընթացքին Նորին Սրբությունը ներկայացրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանային համալիրի ընդարձակման եւ ընդհանուր նորոգության ծրագրերը: