Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության անդամ, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի: Պատվիրակության Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին և առկա համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը Եզնիկ Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների միացյալ պատվիրակության անդամներին` մասնավորապես երախտագիտությամբ անդրադառնալով այն օժանդակությանը, որ նրանք բերում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն` ուրախություն հայտնելով պատվիրակության Հայաստան այցի առիթով:
Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու առջև ծառացած հիմնական մարտահրավերներին` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը, եկեղեցականների պատրաստությանը, հնամենի տաճարների վերականգնմանն ու պահպանությանը և նոր եկեղեցիների կառուցմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այսօր ժողովուրդը բավարար քրիստոնեական գիտելիքներ ունի և նրա հավատը լուսավորված է` դրանում կարևոր նկատելով նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներդրումը:
Խոսելով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ակտիվ գործունեության և պարբերաբար կազմակերպվող հանրօգուտ նախաձեռնությունների մասին` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ դա մեծ զորակցություն է Հայոց Եկեղեցուն, ընկերության աշխատանքի շնորհիվ շատ հայորդիներ ոչ միայն քաջածանոթ են Աստվածաշնչին, այլև ունեն այն իրենց օջախներում:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ի դեմս ներկաների տարբեր աստվածաշնչային ազգային ընկերություններին, Քրիստոնեական Եկեղեցիներին և հասարակական կազմակերպություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը` ժամանակի մեջ հաղթահարելու առկա մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նրանց շարունակել ընդլայնել համագործակցությունը և նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև Նորին Սրբությանը ողջունեցին տիկին Էվա Թոմին և Վերապատվելի Էքհարտ Շուլցբերգը: Վերջիններս անդրադարձան Աստվածաշնչային ընկերությունների կարևոր առաքելությանը, ապա ներկայացրեցին իրենց տպավորությունները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնց առիթ ունեցան մասնակցելու անցնող օրերին:
Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Ս. Պատարագի արարողությանը: