Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին
Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասներկու քահանաներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց նվիրյալ հովվական ծառայո ւթյունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամներն ու խրատները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ արդյունավոր և բարեհաջող սպասավորության երաշխիքը Եկեղեցու զավակների նկատմամբ հոգևորականի ունեցած սերն է, հովվական խնամքը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը իրեն վստահված համայնքի հանդեպ:
Հայոց Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորեց չընկճվել հովվական կյանքում հանդիպող դժվարություններից և խնդիրներից, այլ հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արգասաբեր դարձնելով հոգևոր սպասավորությունն իրենց վստահված համայնքներում: Վեհափառ Հայրապետը պատգամեց ամուր մնալ իրենց կոչման մեջ և հանձնառու ոգով, աստվածասեր, բարեպաշտ և հայրենանվեր ծառայությամբ էլ ավելի բարձրացնել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Երիտասարդ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց Աստծու օգնականությամբ և առաջնորդությամբ արդյունավորել իրենց առաքելությունն ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր և Ս. Հաղորդության մասնատուփեր:
Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում և աշխարհասփյուռ թեմերում: