Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  նորաօծ քահանաներին 08.07.2019

Հուլիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած տասներկու նորընծաներին՝ ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Հանդիպմանը նորընծաների հետ մասնակցում էին նաև նույն օրը` Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում քահանայական կոչման մեջ վերահաստատված Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Քարամյանը, որն իր հոգևոր ծառայությունը բերելու է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում, ինչպես նաև Իջման Սուրբ Սեղանի առջև կուսակրոն քահանայության ուխտագիրը ստորագրած և վեղարի տվչության արժանացած Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Ձեռնադրող Սիոն արքեպիսկոպոսը, Նորին Սրբությանը ներկայացնելով նորաթուխ եկեղեցականներին, շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին իրեն նման պատվի արժանացնելու համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց արժանապատիվ քահանա հայրերին` ուրախություն հայտնելով նրանց ձեռնադրության կապակցությամբ: Գարեգին Բ. Հայրապետը նաև Տիրոջ զորակցությունը հայցեց Սիոն Սրբազանին՝ նույն խանդավառությամբ ու նվիրումով շարունակելու իր առաջնորդական ծառայությունը և կատարելու նորանոր ձեռնադրություններ:

Նորաօծ քահանաներին Վեհափառ Հայրը հիշեցրեց, որ ժողովուրդը սպասում է նրանց և 40-օրյա պահեցողությունից հետո նրանք պիտի հովվական ծառայության կոչվեն տարբեր համայնքներում` իրենց ողջ գիտելիքն ու կարողություններն ամենայն սիրով ու պատրաստակամությամբ ծառայեցնելով իրենց առաքելության արդյունավորմանն ի նպաստ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ եկեղեցում սպասավորությունը ազգին ծառայելու լավագույն ճանապարհն է` պատգամելով հովվության մեջ լինել ժրաջան և պատասխանատու: Հայոց Հովվապետը, նշելով, թե յուրաքանչյուր հոգևորական անհատ լինելով հանդերձ միևնույն ժամանակ ներկայացնում է եկեղեցու ամբողջությունը, մաղթեց, որ հոգևոր ծառայությունը միմիայն ուրախություն ու պատիվ բերի նրանց:

Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով եկեղեցականներին` Նորին Սրբությունը վերստին Տիրոջ Ս. Աջի հովանին հայցեց ամենքի համար՝ մաղթելով արգասավոր ու բարի առաքելություն: