Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդերլանդների Թագավորության դեսպանին
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ դեսպանն իր պարտականությունները ստանձնել է դժվարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի իրավունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործվող մի նոր ցեղասպանություն։ Անդրադառնալով արցախյան հակամարտությանը և վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության վճռական դիրքորոշումը և միջամտությունը՝ ի զորակցություն արցախահայության անկախ կյանքի արդար պահանջի։ Աղոթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը հավելեց՝ հավատքով ենք լցված, որ արդարությունը և ճշմարտությունը պիտի հաղթանակեն։
Հանդիպմանը Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես խոսելով Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կարիքավոր զավակների հանդեպ Նիդերլանդների ժողովրդի դրսևորած մարդասիրությունը և զորակցությունը։
Վեհափառ Հայրապետը և դեսպանը զրուցեցին նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա կապերի մասին։