Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի 45 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի:
Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի այս երկու հայկական հաստատությունների ավարտական դասարանների սաների ամենամյա այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս ացելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու պատանիների հոգում և ուխտագնացության ընթացքում առ հայրենի երկիրը նրանց մեջ ձևավորված սերն ու հարգանքը նոր խանդավառության առիթ կդառնա նրանց համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն ֆրանսահայ համայնքի, ինչպես նաև հայրենիքի զարգացմանը, հզորացմանն ու բարօրությանը: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ֆրանսաբնակ բարերար Սարգիս Պետոյանին աշակերտների այցերը հայրենիք պարբերաբար կազմակերպելու համար: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը փոխանցեց ի դեմս երիտասարդներին ուղեկցող մանկավարժների` երկու դպրոցների ուսուցչական կազմին ու հոգաբարձուներին իրենց նվիրյալ ջանքերի և ազգօգուտ ծառայության համար:
Իր հերթին պրն. Սարգիս Պետոյանը, իր խորին երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը, ներկայացրեց վարժարանների ուսումնական և կրթական գործունեությունը: Իրենց ասմունքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ մատուցեցին նաև աշակերտները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ուղղված խնդիրներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Վերջում Նորին Սրբությունը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթեց հայորդիներին` պատգամելով լինել ազգի արժանի զավակները և այդ բարձր գիտակցությամբ հասակ առնելով` իրենց օգտակարությունը բերել հայ ժողովրդին: