Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Հանդիպումն սկսվեց Մուշեղ Սրբազանի բացման խոսքով: Շնորհավորելով Նորին Սրբությանը և Մայր Աթոռի աշխարհիկ աշխատակիցներին բերկրալի տոների առիթով` Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ Մայր Աթոռի յուրաքանչյուր պաշտոնյա իր ծառայությունը Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոնում իրականացնում է սիրով ու նվիրումով:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
Հանդիպման վերջում Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակիցներին` Սուրբ Էջմիածինն իրենց տունը և ազգի սեփականությունը նկատելու բարձր գիտակցության, ինչպես նաև նախանձախնդիր ծառայության համար:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ շնորհիվ այդ նվիրյալ ծառայության անցյալ տարում արձանագրվեցին բազում հաջողություններ, արժանապատվությամբ և գիտակցության բարձրագույն զգացումով իրականացվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր արարողությունները:
«…Հավատում ենք, որ յուրաքանչյուր բարի գործ արժանանում է մեր նախնիների, մեր հայրերի օրհնությանը, իսկ այդ օրհնությունը մեր կյանքի և՛ բերկրանքն է, և՛ ուրախությունն է, և՛ ցնծությունն է, և՛ հաջողությունը: Ուրեմն, արժանի լինենք մեր հայրերի օրհնությանը մեր կյանքով և մեր աշխատանքով…:
Այս հավատն ու վստահությունն ունենք և կարծում ենք, որ եթե յուրաքանչյուրս նոր տարում այս հավատով, այս վստահությամբ ընթանանք, ավելիով կփոխենք մեր կյանքը դեպի լավը, դեպի բարին և ցանկալին», - նշեց Գարեգին Բ Հայրապետը` մաղթելով, որ Աստված քաջառողջություն, ուրախության ապրում և արդյունավոր աշխատանք պարգևի ամենքին: