Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։
Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյը։
Նորին Սրբությունը, ողջունելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Հայոց Հայրապետը նշեց, որ նախարարի այցը Հայաստան որոշապես կնպաստի հայ-հունգարական կապերի և փոխգործակցության առավել սերտացմանն ու զարգացմանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ սանձելու Ադբեջանի զավթողական անզուսպ ձգտումները։
Հայոց Հայրապետն ի դեմս նախարարի՝ իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Հայ Եկեղեցուն և այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված արցախահայությանը ցուցաբերած աջակցության և զորակցության համար։
Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
Իր հերթին նախարար Պետեր Սիյարտոն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։
Նախարարն ընդգծեց, որ հայ և հունգար ժողովուրդներն ունեն քրիստոնեական համընդհանուր արժեհամակարգ, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում։
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ընդգծեց նաև, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։