Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի հայոց թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի հայոց թեմի ուխտավորներին 04.10.2023

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանից ժամանած հայ ուխտավորներին` ուղեկցությամբ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանի։
 
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և վերանորոգված հոգով ու սրտով կվերադառնան իրենց երկիր՝ առավել նախանձախնդրությամբ լծվելու հայրենաշինության գործին:
 
Անդրադառնալով հայրենազրկված արցախահայության սոցիալական ծանր կացությանը, հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին՝ Նորին Սրբությունը դրանց հաղթահարման և լուծման գործում կարևորեց ազգային ներուժի համախմբումն ու համահայկական միասնական ջանքերի գործադրումը։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ուխտավոր հայորդիներին իրենց համայնքներում ազգային ինքնությունը, հավատքը և նախնյաց ավանդած սրբազան ժառանգությունն ու արժեքները պահպանելու համար: