Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի պատվիրակությանը
Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։
Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնեց, որ այն առավել կզորացնի երկու խորհրդարանների հարաբերությունները՝ մեծապես նպաստելով երկրների միջև հետագա սերտ գործակցությանը:
Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցը Հորդանան, ինչպես նաև հանդիպումները Հորդանանի թագավորի հետ Հորդանանում և Սուրբ Էջմիածնում, գոհունակությամբ հաստատեց հայ համայնքի նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը՝ որպես ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Հայոց Հովվապետը արձանագրեց նաև, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Հորդանանում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:
Իր հերթին պարոն Խալդուն Հինան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հորդանանի ժողովրդի և հորդանանահայության ողջույնները։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դեռևս չհաղթահարված հետևանքներին, Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի դեմ շարունակվող ոտնձգություններին։ Խոսելով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի, խաչքարերի, շիրմաքարերի պղծման և ոչնչացման դեպքերի մասին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը հարիր չէ իսլամի ոգուն, և հույս հայտնեց, որ այն իսլամական աշխարհի կողմից կարժանանա խիստ դատապարտության։
Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը վերահաստատեց, որ Հորդանանը կարևորում է հակամատությունների խաղաղ կարգավորումը և ողջունում դրան ուղղված ջանքերը: