Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ լոնդոնյան մասնաճյուղի անդամներին
![Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ լոնդոնյան մասնաճյուղի անդամներին](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17131779428854/7189a481d87a9291772294c2639c0dc6-1044x662.jpg)
Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) լոնդոնյան ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Հանդիպմանը Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ բարերարներ տեր և տիկին Րաֆֆի և Ալիս Թանիելյանների ու տեր և տիկին Շահան և Էլիզա Թնջուկյանների ջանքերի շնորհիվ խումբը ժամանել է Հայաստան մասնակցելու ՀՄԸՄ հոբելյանական 10-րդ մարզախաղերին:
Վեհափառ Հայրապետը, կարևորելով երիտասարդների կյանքում մարմնակրթությունը, գոհունակությամբ ընդգծեց, որ սպորտը հայորդիներին հնարավորություն է ընձեռում նաև տարբեր երկրներից մեկտեղվելու Հայրենիքում, ծանոթանալու միմյանց հետ, ինչպես նաև ճանաչելու իրենց ազգային ինքությունն ու ակունքները, հաղորդ դառնալու հայրենի հողի սրբություններին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց բարերար հայորդիներին` երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրին ցուցաբերած աջակցության համար:
Վերջում Նորին Սրբությունը զրուցեց պատանիների հետ և հաջողություններ մաղթեց առաջիկա մարզախաղերում:
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580095.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580117.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580067.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580095.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580117.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580067.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17131778580095.jpg)