Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին 07.02.2018

Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Շնորհավորելով պրն. Ջոնաթան Լաքոտին նշանակման առիթով` Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ-ֆրանսիական ջերմ հարաբերություններին և գործակցությանը` դրանց առավել ամրապնդման գործում կարևորելով նաև դեսպանի առաքելությունը:

Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ խոսեց Ֆրանսիայի հայ համայնքի մասին, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում երկրի իշխանությունների հստակ կեցվածքի առնչությամբ` ընդգծելով, որ միայն նմանատիպ մոտեցումը կարող է նպաստել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների կանխարգելմանը:

Վեհափառ Հայրապետը դեսպանին փոխանցեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու դեսպանատան հետ համագործակցությունը և համատեղ իրականացնելու կրթական, մշակութային տարբեր ձեռնարկներ:

Դեսպան Ջոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշեց, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է և Ֆրանսիան շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանին: Խոսելով Ֆրանսիայում հայկական համայնքի մասին՝ պրն. դեսպանը նշեց, որ այն անքակտելի մասն է կազմում ֆրանսիական հասարակության և իր կարևոր ներդրումն ունի Ֆրանսիայի կյանքում:

Զրույցի ընթացքում խոսվեց երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարության, ինչպես նաև 2018 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին` ի զորացումն հայ-ֆրանսիական կապերի:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: