Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի):
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` ընդգծելով, որ այդ բարեկամական հարաբերությունների արտահայտությունն են նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ֆինլանդիայի եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերը:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ վերհիշեց 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին Ֆինլանդիայի Ուղղափառ և Լյութերական Եկեղեցիների պատվիրակությունների բերած մասնակցությունը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձավ 2004 թվականին Ֆինլանդիա կատարած իր այցին, հանդիպումներին Եկեղեցիների առաջնորդների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դեսպան Արյա Մակոնեն իր հերթին նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է գտնվել Մայր Աթոռում ու հանդիպել Հայոց Հովվապետին: Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր ամենը կանի, որպեսզի բարեկամական կապերն էլ ավելի զորանան և Հայաստանն ու Ֆինլանդիան փոխադարձաբար ավելի ճանաչելի դառնան միմյանց համար:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց դեսպանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, սոցիալական ու կրթական գործունեությանը, ինչպես նաև հայ ժողովրդի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հրամայականներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ դեսպանին հաջողություններ մաղթեց դիվանագիտական իր առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: