Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Սերբիայի դեսպանին 20.04.2017

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին (նստավայրը` Աթենք):

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների և գործակցության ընդլայնումը: Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանի միջոցով իր բարեմաղթանքներն ու ողջույնները փոխանցեց Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Իրենեոս Պատրիարքին:

Դեսպան Դուշան Սպասոևիչը ևս իր խոսքում անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական կապերին և ընդհանրություններին` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցելով Սերբիայի հայկական համայնքի մասին: Այս կապակցությամբ դեսպանն ընդգծեց, որ հայ համայնքը Սերբիայում սիրված է և մեծ հարգանք է վայելում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու Եկեղեցիների առջև ծառացած արդի մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց նորանշանակ դեսպանին` ցանկանալով նրան արգասաբեր գործունեություն:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: