Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին 27.07.2017

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը: Մասնավորապես խոսվեց Հայաստանում Ռուս Եկեղեցու համայնքների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող հարցերի և գործակցության ապագա ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին փոխանցեց եղբայրական իր սերն ու ողջույնները:

Իր հերթին Լեոնիդ եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` մշտապես ցուցաբերվող հոգատարության և ուշադրության համար:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: