Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ուղղեց դեսպանին նշանակման առիթով` արդյունավոր առաքելություն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հագործակցությունն ու բարեկամությունը, ինչին կարևոր իր նպաստն է բերում նաև ԱՄՆ հայ համայնքը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր պետերի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին:
Գարեգին Բ Հայրապետը և ԱՄՆ դեսպան Թրեյսին նաև զրուցեցին հայ ժողովրդի կյանքում ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելության մասին: