Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտաքին գործերի նախարարին
Հունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Նորին Սրբությունը նշանակման առիթով շնորհավորեց նախարարին և մաղթեց Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի նա կարողանա աշխարհի ներկա բարդ և դժվարին ժամանակներում հայրենիքի շահերը լավագույնս պաշտպանել և երկրի համար դրական արդյունքներ արձանագրել:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես քայլել է ազգի հետ, առաջնորդել նրան և պատմության ընթացքում զորավիգ է եղել հայրենի պետությանը, իսկ պետականության բացակայության պայմաններում հայորդիների մեջ վառ է պահել անկախ պետականությունը վերականգնելու նախանձախնդրությունը:
Վեհափառ Հայրապետն արձանագրեց նաև, որ պետականությունն է ազգի հարատևության երաշխավորը և Հայոց Եկեղեցին, հավատարիմ հայրերի այս պատգամին, պիտի շարունակ նեցուկ լինի հայրենի պետությանը, որպեսզի այն լինի բարվոք և զորավոր:
Պրն. Զոհրաբ Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքների և աղոթքների համար, ընդգծեց, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը մեծ պատասխանատվություն և պարտավորություն է ենթադրում:
Վերջինս անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու պատմական առաքելությանը և ազգային միասնականության ամրապնդման գործում կարևոր դերակատարությանը` քրիստոնեական հավատը նկատելով ազգային ինքնության պահպանման սյուներից մեկը:
Զրույցի ընթացքում խոսվեց տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև հայրենիքի առջև ծառացած զանազան մարտահրավերների մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: