Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Հայաստանում և Սփյուռքում ազգի առջև ծառացած զանազան մարտահրավերներին, դրանց դիմագրավման գործում Հայ Եկեղեցու դերակատարությանը, ինչպես նաև քննարկեցին Մայր Աթոռի և ՀԲԸՄ համատեղ ծրագրերի ընթացքը:
Այս կապակցությամբ պրն. Պերճ Սեդրակյանն ընդգծեց, որ միությունը, կարևորելով ազգային կյանքում Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը, մշտապես բարոյական և նյութական աջակցություն է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր ազգօգուտ նախաձեռնություններին՝ նպաստելով եկեղեցաշինական, հոգևոր-կրթական, բարեգործական, սոցիալական և առողջապահական բազմաթիվ ծրագրերին: Դրանց շարքում մեծ ուշադրություն է դարձվել եկեղեցականների նոր սերնդի պատրաստության գործին, ինչի շնորհիվ այսօր բազում երիտասարդ հոգևորականներ իրենց գնահատելի սպասավորությունն են բերում Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում:
Զրույցի ընթացքում կարևորվեցին մատաղ սերնդի հոգևոր և հայեցի դաստիարակությանն ուղղված ձեռնարկները: Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների կառույցի հետագա ընդլայնման և ուսումնական գործընթացի արդիականացման ծրագրերին:
Նորին Սրբությունն այս առիթով իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ՀԲԸՄ նախագահին և ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռի առաքելությանը ցուցաբերվող զորակցության համար:
Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը նաև խոսեցին ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին։ Համոզում արտահայտվեց, որ երկրում տեղ գտած փոփոխությունները կամրապնդեն հայրենաբնակ ժողովրդի բարօր կյանքն ու կնպաստեն պայծառ ապագայի կերտմանը։