Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական և սոցիալական ծրագրերը, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ:
Պրն. Պերճ Սեդրակյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ գործունեությունը Հայաստանում և Արցախում, անդրադարձ կատարեց ապագա ծրագրերին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և միության անդամներին՝ Հայրենիքին և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև նվիրյալ գործունեության համար:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Միջեկեղեցական հարաբերությունների և հրատարակչական բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
ՀԲԸՄ նախագահը մասնակցեց նաև Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագին: