Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և ՀԲԸՄ նախագահը գոհունակությամբ անդրադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ արդյունաշատ համագործակցությանը և, քննարկելով համատեղ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի ընթացքը, նախանշեցին ապագա անելիքները։
Նորին Սրբությունը և տիար Պերճ Սեդրակյանը մասնավորապես կարևորեցին երիտասարդների հայեցի ու քրիստոնեական դաստիարակությանը, ինչպես նաև հոգևորականների նոր սերնդի կրթությանն ուղղված ծրագրերը։
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության կողմից Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի տարբեր համայնքերում կատարվող աշխատանքները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս կապակցությամբ իր գնահատանքը փոխանցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը նրա ազգօգուտ և հայրենանվեր գործունեության և Հայոց Եկեղեցու առաքելությանը ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում խոր մտահոգություն հայտնվեց Մերձավոր Արևելքի երկրներում տիրող իրավիճակի հետևանքով հայկական համայնքների արտագաղթի առնչությամբ, հատկապես խոսվեց Սիրիայի հայ համայնքին և Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակության և այս ուղղությամբ ծրագրվող հետագա քայլերի մասին։ Այս կապակցությամբ ընդգծվեց, որ սիրիահայությանը ցույց տրվող զորակցությունը շարունակական է լինելու, նաև կարևորվեց պետական, հասարակական և ազգային բարեսիրական բոլոր կառույցների ուժերի մեկտեղումն ու համակարգված աշխատանքը։
Գարեգին Բ Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը անդրադարձան ազգային-եկեղեցական կյանքին և հայապահպանությանն առնչվող նաև այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում նաև ներկա գտնվեց Սուրբ և Անմահ Պատարագին։