Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայոց բանակի հոգևոր սպասավորներին
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Բանակի տոնի առիթով ընդունեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներին` գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Վրթանես եպիսկոպոսի առաջնորդության ներքո այսօր ՀՀ Զինված Ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևորականներ՝ 2 աբեղաներ, 10 քահանաներ և 39 սարկավագներ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսք ասաց Վրթանես Սրբազանը: Ամենքին շնորհավորելով տոնի առիթով` ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն իր որդիական սերը հայտնեց Նորին Սրբությանը Հայոց բանակի հանդեպ դրսևորվող մշտական ուշադրության համար, ինչպես նաև երախտագիտությամբ կարևորեց այն աջակցությունը, որ ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ ողջ հրամանատարական կազմը բերում է հոգևոր սպասավորներին:
Անդրադառնալով հոգևոր սպասավորների անձնուրաց ծառայությանը` Վրթանես եպիսկոպոսը փաստեց, որ անցնող երկու տասնամյակների ընթացքում գնդերեցները մշտապես եղել են հայ զինվորի կողքին թե՛ զորամասում և թե՛ խրամատում: Սրբազանը նաև տեղեկացրեց, որ այսօր առաջնորդությունն ունի հմուտ ավագ գնդերեցներ և գնդերեցներ, ովքեր լիարժեք ընկալում են իրենց ծառայության ոլորտը, առկա մարտահրավերները և ամեն ինչ անում են, որպեսզի զինվորների միջանձնային հարաբերությունները խարսխվեն քրիստոնեական արժեքների վրա, կերտվի հայրենիքի պաշտպանության բարձր գիտակցությունը:
Այնուհետև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով հոգևորականաց դասին, ուրախություն հայտնեց Հայոց բանակի 24-ամյակի նախօրեին համայն հայության հոգևոր կենտրոնում գտնվելու առիթով:
Իր խոսքում նախարարն անդրադարձավ անցնող 24 տարիների ընթացքում Հայոց բանակում արձանագրած հաղթանակներին ու հաջողություններին, ինչպես նաև ներկայացրեց բանակի առջև ծառացած մարտահրավերները: Առկա խնդիրների հաղթահարման գործում ՀՀ Պաշտպանության նախարարը կարևորեց բանակ-հասարակություն կապի առավել ամրապնդումը: Այս առումով նա ընդգծեց, որ Հայոց բանակը երբեք միայնակ չի իրականացրել իր պաշտպանական գործողությունները. ժողովուրդը և Հայ Եկեղեցին մշտապես կանգնած են եղել հայկական բանակի կողքին:
Անդրադարձ կատարելով բանակ-Եկեղեցի համագործակցությանը` Պաշտպանության նախարարը հաստատեց, որ բանակի հոգևոր սպասավորները կարևոր առաքելություն են իրականացնում Հայոց բանակի հայրենասիրական ոգու կերտման գործում և արատավոր երևույթների դեմ մղվող պայքարում:
Ապա իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, իր գոհունակությունը հայտնելով Մայր Աթոռում բանակի հոգևոր սպասավորների համախմբման առիթով, ամենքին շնորհավորեց տոնի կապակցությամբ և մաղթեց, որ միշտ հաղթական լինի Հայոց բանակը:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր սպասավորներին իրենց ծառայության մեջ պետք է առաջնորդի Հայոց բանակի հաղթական ոգին:
Նորին Սրբությունը հոգևոր սպասավորներին հորդորեց լինել քաջ հովիվներ և պատվով իրականացնել ազգային-եկեղեցական կյանքում ստանձնած վեհ առաքելությունը: Հայոց Հովվապետը գնդերեցներին պատգամեց իրենց առջև մշտապես ունենալ Ղևոնդ երեցի լուսավոր կերպարը, նրա օրինակով ոգեշնչվել ու հոգևոր դաստիարակություն ջամբել հայոց հրամանատարներին ու զինվորներին, նրանց անձերում կերտել հայրենապաշտ ոգի, որը պիտի ապահովի հայ զինականի անպարտելիությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերն Իր Աջը հովանի դարձնի Հայոց բանակին, որպեսզի հայ զինվորները բացառապես խաղաղ պայմաններում իրականացնեն իրենց աստվածահաճո ծառայությունը և հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու անվրդով կյանքով:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին, հոգևոր սպասավորների կողմից իրականացվող կրթա-դաստիարակչական ծրագրերին, Մայր Աթոռի և նախարարության միջև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: