Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։
Հանդիպման սկզբում հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնակատար տիար Հայկ Գազազյանը հայորդյաց տների պատասխանատուների, ուսուցիչների ու սաների անունից Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ երախտագիտություն հայտնելով հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։
Այնուհետև իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարևորելով հայորդյաց տների առաքելությունը։
Անդրադառնալով հայորդյաց տների 30-ամյա գործունեությանը՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ բազմաթիվ հայորդիներ բացահայտել ու զորացրել են իրենց տաղանդներն ու շնորհները՝ հետագայում դրանք ծառայեցնելով Հայրենիքի ու Եկեղեցու շենացմանը։
Հայոց Հայրապետը կարևոր նկատեց նաև հայորդիների մեջ քրիստոնեական կրթության ու դաստիարակության շնորհիվ աստվածասիրության և հայրենասիրության ոգու կերտումը։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր և հետևողական գործունեության համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև հայորդյաց տների կրթական գործընթացի արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող հարցեր։