Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին 08.10.2004

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Թերի Հակալային՝ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղեկցությամբ:

Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն ուղղեց Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին և արդյունավետ ծառայություն ցանկացավ իր նոր պաշտոնում: Նորին Սրբությունը, ողջունելով հայ-Ֆիննական համագործակցությունը տարբեր ոլորտներում, հույս հայտնեց, որ այդ կապերն ու հարաբերություններն առավել պիտի ամրապնդվեն ու զորանան ի բարօրություն երկու պետությունների ու ժողովուրդների:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու պետ Արքեպիսկոպոս Ջուկկա Պաարմայի հրավերով Ֆինլանդիա կատարած իր այցելությանը:

Տիկին Հակալան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշեց այն բոլոր ծրագրերը, որոնք առավել պիտի սերտացնեն ու արդյունավետ դարձնեն երկու պետությունների միջև հաստատված հարաբերությունները: