Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:
Իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ու ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին, ինչը վկայված է նաև Ռումինիայում շուրջ հազար տարվա պատմություն ունեցող հայկական ժառանգության առկայությամբ:
Հայ-ռումինական հարաբերությունների սերտացման, խորացման և համագործակցության ընդլայնման գործում Նորին Սրբությունը կարևորեց Ռումինիայի հայ համայնքի դերակատարությունը: Վեհափառ Հայրապետը նաև խոսեց Ռումինիայի և ռումին ժողովրդի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ ջերմության մասին, ինչը պայմանավորված էր երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով և գործունեությամբ:
Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ պրն. Կորնել Իոնեսկուն հավաստիացրեց, որ իբրև դեսպան իր ջանքերը կներդնի հայ-ռումինական հարաբերությունների առավել ամրապնդման համար: Դեսպանը անդրադարձավ նաև Ռումինիայի հայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի կյանքին` ընդգծելով տարբեր ժողովուրդների ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանն ի նպաստ Ռւոմինիայի իշխանությունների կողմից դրսևորվող հոգատարությունը:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին` նորանշանակ դեսպանին մաղթելով, որ Աստված ուղեկից լինի վերջինիս իր առաքելության արդյունավորման համար: