Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեայի Հանրապետության Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով: Նորին Սրբությունը մաղթեց, որ կորեական պատվիրակության այցը Հայաստան հաջողությամբ պսակվի և համագործակցության արդյունքում ավելի զորանա փոխճանաչողությունն ու նոր խթան դառնա հայ-կորեական կապերի սերտացման համար:
Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձավ 2013 թ. Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով Հարավային Կորեա կատարած իր այցին և երկրում արձանագրված ձեռքբերումներին ու զարգացմանը, ապա իր բարեմաղթանքները փոխանցեց Կորեայի ժողովրդին և իշխանություններին:
Նահանգապետ Սոնգ Հա-Ջինը ևս ուրախություն հայտնեց հանդիպման համար` հաստատելով, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում և այցի արդյունքում մի շարք ոլորտներում մեծ համագործակցության սկզբնավորման հույս ունի: Պատվիրակության ղեկավարը Նորին Սրբությանը ներկայացրեց նաև նահանգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, ինչպես նաև երիտասարդական ծրագրեր:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայ ժողովրդի կյանքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելության, պատմության ընթացքում դժվարությունների դիմագրավման գործում քրիստոնեական հավատի կարևոր դերակատարության մասին: