Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորին
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին` ուղեկցությամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի:
Նորին Սրբությունը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձևավորել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև:
Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ համալսարանի կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ գործադրված ջանքերին` մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայացման գործում ունեցած կարևոր ներդրմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց պրն. Ջին Բլոքին Հայաստանում և Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար:
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ ձևավորվող գործակցության համար խթան է սերտ բարեկամությունը ԱՄՆ հայ համայնքի հետ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև դոկտոր Էրիկ Էսրաիլյանին այս հարցում ունեցած կարևոր դերակատարության, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում ունեցած ակտիվ մասնակցության և ներդրման համար:
Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և իր ծանոթությունը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով: Պրն. Բլոքը նշեց, որ պատկառելի հայ համայնք կա նաև Կալիֆոռնիայի համալսարանում, անդրադարձավ ապագա գործակցության ծրագրերին:
Զրույցի ընթացքում խոսվեց հայ ժողովրդի մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բացառիկ դերակատարության, երկրի և Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների մասին: Անդրադարձ կատարվեց նաև Հայոց Եկեղեցու առաքելությանը նվիրյալ և հավատավոր հայորդիների բերած զորակցությանը և Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ու սոցիալական ծրագրերին: