Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին 17.01.2017

Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային:

Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունը փաստեց, որ հաճելի է հայ ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին ընդունելը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ դեռևս միջնադարից սկսյալ հայ և բուլղար ժողովուրդների միջև հարաբերությունները մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, բարեկամական և գործակցային հարաբերություններով:

Այնուհետև խոսք ասաց նորանշանակ դեսպանը: Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևան անդրադարձավ Բուլղարիայում հայ համայնքի կյանքին, հայորդիների ակտիվ ներգրավվածությանը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Դեսպանն ընդգծեց, որ հայ համայնքը յուրօրինակ կապող կամուրջ է Հայաստանի և Բուլղարիայի միջև: Վերջինս վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում պիտի անի ամենը` նպաստելու երկու երկրների գործակցության և փոխհարաբերությունների առավել զորացմանը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտեց, որ բուլղարական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Բուլղարիայի տարբեր քաղաքներում ձևավորված հայկական համայնքները շարունակում են ապրել իրենց ազգային և հոգևոր կյանքով: Հայոց Հովվապետն ի մասնավորի ընդգծեց, որ այդ հոգածությունը հայ ժողովրդի զավակների` Բուլղարիայի կյանքում ունեցած ազնիվ վաստակի գնահատանքն է:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր Հովվապետական այցը Բուլղարիա, անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Բուլղար Ուղղափառ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով դեսպանին մաղթեց բարի առաքելություն և արդյունավետ ծառայություն:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: