Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահին
Դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի (Նյու Յորք, ԱՄՆ) նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:
Հանդիպմանը պրն. Ուիլյամ Փարկերը Նորին Սրբությանը ներկայացրեց ինստիտուտի գործունեության նպատակները և կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակին, քրիստոնյա փոքրամասնություների խնդիրներին` մտահոգություն հայտնելով քրիստոնեական համայնքների նվազման առնչությամբ:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների կյանքի, ղարաբաղյան հակամարտության ու դրա խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի և մի շարք տարածաշրջանային խնդիրների մասին:
Այս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Հայրապետը կարևոր նկատեց նաև միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը` հանուն մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման: