Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին
Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։
Ուսանողները Նորին Սրբության ներկայացրեցին իրենց նախաձեռնությունները, որոնց նպատակն է մեկ անգամ ևս ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքը բերեց նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու նախանձախնդիր ոգու դրսևորման համար։
Նորին Սրբությունն արցախցի երիտասարդներին նաև տեղեկություններ փոխանցեց արցախյան հիմնախնդրի լուծմանը, Լաչինի միջանցքի վերաբացմանն ու Ադրբաջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքների մասին։