Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի նախագահին 30.04.2022


Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն, ի դեմս նախագահի, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։

Արցախի նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Արցախին մշտապես սատար կանգնելու համար, ընդգծեց, որ հերթական անգամ հայ ժողովուրդը՝ մասնավորապես արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքները շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Մտահոգություն արտահայտվեց Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։ Նորին Սրբությունն ու ԱՀ նախագահը կարևորեցին բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունը Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ նկատելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Արցախի թեմի գործունեությանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր–մշակութային, պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։