Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի խորհրդարանականների պատվիրակությանը
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի Նահանգային խորհրդարանականների պատվիրակությանը՝ գլխավորությամբ պատվիրակության համանախագահներ Հուգ Մըք Դերմոթի և Փիմ Ջեյմսի։
Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձավ արցախահայության շարունակվող բռնի տեղահանությանը և Ադրբեջանի իշխանությունների կողմից հայորդիների հետապնդումներին։ Հայոց Հայրապետն ընդգծեց նաև, որ մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ հիշատակելով Ադրբեջանական իշխանությունների կողմից ամբողջ աշխարհի աչքի առաջ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի շուրջ 6000 խաչքարերի իսպառ ոչնչացումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով անդրադարձավ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, ինչը և առիթ տվեց Ադրբեջանին անարգել իրագործել Արցախում իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը՝ շրջանցելով միջազգային մարդասիրական բոլոր նորմերը։
Հանդիպմանը, Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարելով Ավստրալիա կատարած իր հովվապետական այցելություններին, գոհունակությամբ արձանագրեց, որ ականատեսն է եղել Ավստրալիայի ժողովրդի ու իշխանությունների՝ հայկական համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, հանուն հավատավոր հայորդիների, իր երախտագիտությունը հայտնեց Ավստրալիայի իշխանություններին։
Իր հերթին պատվիրակության համանախագահ Հուգ Մըք Դերմոթը շնորհակալություն հայտնեց Հայոց Հովվապետին Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար և ընդգծեց, որ առկա մարտահրավերների և սպասվող զարգացումների մասին ամբողջական պատկերացումն օգտակար կլինի իրենց հետագա հայանպաստ գործունեության ընթացքում։