Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ռոթարի ակումբի անդամներին
Նոյեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ռոթարի ակումբի անդամներին՝ ուղեկցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանի։
Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ պրն․ Զաքյանը ներկայացրեց հյուրերին և տեղեկություններ փոխանցեց Ռոթարի ակումբի՝ Հայաստանում կրթության և մշակույթի ոլորտում պատանիների ու երիտասարդների համար իրակացվող ծրագրերի մասին։
Հայոց Հայրապետը ողջունեց բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն շնորհալի պատանիների և երիտասարդների տաղանդների բացահայտմանը, ինչն իր հերթին նրանց հնարավորություն կընձեռնի իրենց տեղը գտնելու կյանքում։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ակումբի փոխգործակցությունը տարբեր ազգերի մշակույթների հետ կնպաստի ժողովուրդների միջև հանդուրժողականության և խաղաղության հաստատմանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռոթարի ակումբի անդամներին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից պատանի և երիտասարդ հայորդիների համար իրակացվող կրթադաստիարակչական և մշակութային ծրագրերը։