Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի:
Հայրապետական իր օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ այցը Հայրենիք և համայն հայության հոգևոր կենտրոն առիթ է վերանորոգելու ուխտը, հաղորդ դառնալու նվիրական սրբություններին, ինչպես նաև ամրապնդելու կապը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և հայրենիքի հետ:
Նորին Սրբությունը բարձր գնահատեց հայորդիների ազգային ոգին և հավատարմությունը հանդեպ հայրենի երկիրը և ազգային հարուստ ժառանգությունը:
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կյանքին, Հայաստանի իրավիճակին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: