Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին 13.06.2018

Հունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպության միջազգային կամավորներին` ուղեկցությամբ կազմակերպության ատենապետ Դևիդ Սնելի և խմբի ղեկավար Լեո Մանուելյանի:

Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց նրանց աստվածահաճո առաքելությունը, որի շնորհիվ օգտակարություն է ցուցաբերվում բազում կարիքավոր ընտանիքների: Հայոց Հայրապետը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին նույնպես թեմերի և եկեղեցական կառույցների միջոցով իր մասնակցությունն է բերել օգտաշատ այս ծրագրին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու տարբեր սոցիալական ու մարդասիրական ծրագրերին, որոնց արդյունքում բազում կարիքավոր անձինք և ընտանիքներ ստանում են պատշաճ աջակցություն:

Այնուհետև շնորհակալության խոսքով հանդես եկավ տիար Դեյվիդ Սնելը` ընդգծելով, որ կենտրոնի հայաստանյան մասնաճյուղն աշխարհում ամենաարդյունավետն է` աշխատանքներում Եկեղեցու ներգրավվածության շնորհիվ: Վերջինս ընդգծեց, որ կենտրոնը մշտապես զորակից է Եկեղեցուն, և պատրաստակամություն հայտնեց ծրագրի շրջանակներում շարունակելու գործակցությունը

Հայոց Եկեղեցու հետ: Իր հերթին տիար Լեո Մանուելյանը նույնպես անդրադարձավ Վեհափառ Հայրապետի անձնական մասնակցությանը ծրագրին:

Վերջում Գարեգին Բ Հայրապետն ազնիվ աշխատանքի, հանձնառության և Հայ Եկեղեցուն ցուցաբերված զորակցության համար իր գոհունակությունը հայտնեց նրանց` հորդորելով նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց օրհնյալ ընթացքը: