Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» միջազգային համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» միջազգային համաժողովի մասնակիցներին 04.06.2022

Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» նախագահ Գոռ Մնացականյանը տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել իրավաբաններ և միջազգային իրավունքի առաջատար փորձագետներ 16 երկրներից՝ քննարկելու 44-օրյա պատերազմի արդյունքում արցախահայության, ռազմագերիների, տեղահանված անձանց իրավունքների ոտնահարումներին և միջազգային արդարադատությանն առնչվող խնդիրները:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ընդգծելով միջազգային գիտաժողովի կարևորությունը, հատկապես հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում, հույս հայտնեց, որ իրավաբաններն ու միջազգային իրավունքի առաջատար փորձագետները, հաղորդ կդառնան Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը փոխանցեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին նման կարևոր նախաձեռնություն դրսևորելու համար՝ փորձելով նպաստել հետպատերազմյան դժվարությունների հաղթահարմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։