Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներին
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներին՝ առաջնորդությամբ շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի։
Հանդիպմանը տիար Անդրանիկ Թևանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց շարժման ձևավորման պատճառները և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ տեսլականը։
Այնուհետև ներկաներին Իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ առկա հիմնախնդիրների դիմագրավման գործում կարևորելով ազգային միասնությունն ու միաբանությունը։ Նորին Սրբությունը նման նախաձեռնությունները նկատեց երկրում տիրող իրավիճակի շուրջ խոր անհանգստությունների և մտահոգության ուղղակի արտահայտությունը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել՝ համազգային ներուժի համախմբմամբ հայրենիքը փորձություններից դուրս բերելու և մեր ժողովրդի զավակների հոգիներում ամրապնդելու ապագայի հանդեպ հույսն ու լավատեսությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրներին, հասարակության բարոյա-հոգեբանական վիճակին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի ժողովրդին ցուցաբերվող օգնությանը և Արցախի թեմի գործունեությանը։