Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցներին
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին:
Համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց համաժողովի ընթացքի և արդյունքների մասին` կարևորելով նման համաժողովների առաքելությունը մարտահրավերների հաղթահարման ուղիների որոնման գործում:
Այնուհետև հյուրերին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց Մայր Աթոռում գումարված միջազգային համաժողովին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցության կապակցությամբ, նաև իր գնահատանքը փոխանցեց Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած զեկուցողներին Մայր Աթոռի հրավերն ընդունելու և իրենց փորձառությամբ կիսվելու համար:
Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ ազատությունն ու իրավունքը քրիստոնեական հավատքի մեջ կարևորագույն ու հիմնարար արժեքներ են, սակայն փաստեց նաև, որ 21-րդ դարում արժեքային համակարգի վերաբերյալ ձևավորվող ազատական գաղափարախոսություններն ու նոր մտայնությունները խեղաթյուրում են հասարակության ավանդական արժեքները և թիրախավորում քրիստոնեական արժեհամակարգը: Խորը մտահոգություն հայտնելով այդ երևույթի առնչությամբ` Հայոց Հայրապետը կարևորեց Եկեղեցիների և քրիստոնյաների ջանքերի և հնարավորությունների համատեղումը կործանարար ազդեցություններից հասարակությունը և մասնավորապես ընտանիքները զերծ պահելու գործում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նման համաժողովները կնպաստեն հոգևոր, բարոյական արժեհամակարգի ամուր պահպանմանը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց նաև միջազգային համաժողովի կազմակերպիչներին ի դեմս Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի:
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին ժամանակակից մարտահրավերների հաղթահարման միջոցներին, քրիստոնեական հոգևոր և բարոյական արժեքներն այլափոխումներից զերծ պահելու ուղիներին, ինչպես նաև Հայոց Եկեղեցու կողմից հայ ընտանիքի ամրապնդմանն ու զորացմանն ուղղված ձեռնարկներին: