Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն ճեմարան
Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 5-ին այցելեց Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն Ճեմարան` ուղեկցությամբ իր շքախմբի և Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի:
Կրթական հաստատության առջև Հայոց Հորը աղ ու հացով դիմավորեցին ճեմարանի տնօրեն Էդի Դեմիրճյանը, ուսուցչական կազմը և շուրջ 350 աշակերտներ: Աղ ու հացի արարողությունից հետո ամենքը մեկտեղվեցին ճեմարանի դահլիճում:
Ճեմարանի տնօրենի ողջույնի խոսքից հետո աշակերտները ներկայացան գեղարվեստական հայտագրով` մեծ գոհունակություն և ուրախություն պարգևելով Ամենայն Հայոց Հայրապետին:
Հայտագրի ավարտին Հայկազուն Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանը` իր հայրական օրհնությունը բաշխելու աշակերտներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց վարժարանում երրորդ անգամ գտնվելու և պատանի հայորդիների պայծառ դեմքերը, սրտի ու հոգու ջերմությունը տեսնելու առիթով` մասնավորապես վերհիշելով իր մեկօրյա այցելությունը Ավստրալիա` կրթօջախի 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ մշտապես հետաքրքրվում է վարժարանի գործունեությամբ, հաստատության առջև բացվող հեռանկարներով, հետևում է արձանագրվող հաջողություններին` գոհունակությամբ արձանագրելով, որ հաստատությունը շարունակում է հայ համայնքի սիրո, գուրգուրանքի առարկան մնալ և հայ ծնողներն իրենց զավակներին հայկական դպրոց ուղարկելու նախանձախնդրություն ունեն:
«Դուք գիտեք, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ կարևորություն է ընծայել դպրոցին, կրթությանը: ...Բայց հայ դպրոցը միայն գիտելիք չէ, որ ջամբում է մեր զավակներին, հայ դպրոցը ոգին է կերտում հայորդու: Ահա, այսօր, երբ մենք ունկնդրում էինք մեր անուշիկ բալիկների կատարումները, այդ կատարումներում տեսանելի էր մանկավարժների ձգտումը հայ երեխայի, հայ պատանու սիրտը շաղախել հայրենասիրության ջերմ զգացումներով, կապել մեր զավակների հոգին իրենց հայրենիքին, պատմությանը, իրենց անցյալին, այն հարուստ ժառանգությանը, որով դարերի մեջ կարողացել է գոյատևել մեր ժողովուրդը, դիմակայել բոլոր դժվարություններին ու փորձություններին», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով հայրենիքի հետ կապի կարևորությանը` Նորին Սրբությունը արձանագրեց. «Այստեղ մանուկ երեխաներ քաղցրաբարբառ արտասանում էին, որ սիրում են Հայաստանը: Այդ բառերի մեջ, անշուշտ, Հայաստանն է պատկերվում, Հայստանն է ներկայանում յուրաքանչյուրին: Հոգ չէ, որ նրանք գրքերից են ընթերցել Հայաստանի մասին, գրքերի միջոցով և իրենց ծնողների պատմություններով են ծանոթ Հայաստանին, բայց սերը հոգի է տալիս, ուժ է տալիս, սերը կամք է կերտում այդ երեխաների մեջ, որ նրանք Հայաստանի զավակը լինեն՝ ապրելով Ավստրալիայում` Հայաստանով ապրեն, Հայաստանով շնչեն, Հայաստանով երազեն և Հայաստանով կերտեն իրենց հաջողություններն այս կյանքում, լինեն Հայաստանի արժանավոր զավակներն ու քաղաքացիները»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարժարանի աշակերտների հետ խոսեց եկեղեցի այցելելու, աղոթելու, աստվածպաշտությանը և արարողություններին մասնակցելու կարևորության և դպրոց-եկեղեցի կապի մասին:
«Դպրոցը միայնակ չի կարող իրականացնել, ամբողջացնել, կերտել այն տեսիլքը, որ մենք ունենք՝ արժանավոր, գիտակից, հայրենասեր, հայրենյաց ժառանգության, մեր ժողովրդի լուսավոր վաղվա օրվա նկատմամբ նախանձախնդրություն ունեցող հայորդու: Ազգի արժանավոր զավակ կրթելու, դաստիարակելու գաղափարը կարող է ամբողջանալ միայն, երբ մեր զավակների կյանքում ներկայություն են և՛ դպրոցը, և՛ Եկեղեցին: Շատ գնահատելի է, շատ ուրախ ենք և անչափ երջանիկ, որ մեր երեխաներն այստեղ սովորում են հայոց լեզուն, հաղորդ են դառնում մեր պատմությանը, և եկեղեցու մեջ նույնպես ամբարված են մեր արժեքները, պատմությունը: Եկեղեցին նույնպես, և առաջին հերթին այս իմաստով, մեր ազգի գանձարանն է, եկեղեցին մեր գոյության, լինելիության և հարատևության խորհուրդն է կրում: Փաստն անցյալի պատմությունն է», - շեշտեց Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը` հորդորելով երիտասարդներին ամուր պահել կապը եկեղեցու հետ, եկեղեցում ճանաչել Աստծուն, դառնալ Աստծո զավակ և լինել Աստծո ժողովուրդ` արժանանալու երկնատուր շնորհների և հաղթանակների իրենց կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը բերեց ճեմարանի հոգաբարձության, տնօրենության անդամներին, կրթօջախի տնօրենին, մանկավարժներին ու ծնողներին իրենց հանձնառության և նվիրյալ աշխատանքի համար: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև Հայկազուն Սրբազանին, թեմական խորհրդին, ծխական խորհրդի անդամներին և եկեղեցականներին, որոնք ջերմ սիրով ծառայություն են բերում ժողովրդին, որպեսզի շարունակի ապրել իր հայաշունչ կյանքը Ավստրալիայի հեռավոր ափերում:
Հրաժեշտ տալով ուսումնական հաստատությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց. «Սիրելինե՛ր, եկել ենք այստեղ ասելու, որ սիրում ենք ձեզ, սիրում ենք բոլորին` այս հաստատության մեջ ծառայություն մատուցող անձանց, սիրում ենք ծնողների, ովքեր ամեն հանձնառություն ստանձնած, ամեն զոհողության գնով իրենց զավակներին բերում են այս դպրոց: Մենք սիրում ենք այս հաստատության սաներին, որ լույսն են, հույսն են հայ կյանքի և գեղեցկացնում ու ջերմացնում են հայ կյանքն իրենց ներկայությամբ, իրենց հոգու ջերմությամբ` իրենց մեջ կրելով մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը:
...Մենք մեկնում ենք՝ մեզ հետ տանելով ձեզ, մեր սրտում ու հոգում կրելով այս գեղեցիկ պատկերը, ձեզանից յուրաքանչյուրին, և մշտապես պիտի լինենք ձեզ հետ մեր աղոթքներում, մտածումներում, մեր ծառույության և առաքելության մեջ: Ավելիով պիտի տքնենք, ավելիով պիտի ջանանք ձեզ համար, որպեսզի դուք այստեղ շարունակեք ձեր ազգաշեն, հայրենանվեր, ձեր աստվածահաճո այս բարի առաքելությունը: Աստված թող օրհնի ձեզ: Մեր գնահատանքը, սերը ձեզ ամենքիդ: Մնացեք խաղաղությամբ, մնացեք Տիրոջ սիրո մեջ»:
Այցելության առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը բոլոր աշակերտներին ընծայեց Սուրբ Էջմիածնից բերված խաչիկներ: Ճեմարանին ի հիշատակ փոխանցվեց Սրբոց Նահատակաց մանրապատկեր: