Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր 10.05.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով, մայիսի 9-ին, ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր:

Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ խոնարհելուց հետո  Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պետական այրերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմահ հիշտատակին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթեց նրանց հոգիների հանգստության համար:

Վերջում Նորին Սրբությունը հաղթական եռատոնի կապակցությամբ իր շնորհավորանքներն ու հայրապետական բարեմաղթանքները բերեց նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: