ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 21.09.2005

Համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և Սփյուռս ողջույն ենք հղում և օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա տոնական առիթով։

Մեր պատմության նոր էջն է բացում 1991 թ. սեպտեմբերի 21-ը։ Օր աստվածօրհնյալ, որի գերապանծ խորհուրդը նշանավորելու ու տոնելու են նաև մեր սերունդները։

Չընկրկեց մեր ժողովուրդը Արցախի ազատագրության պայքարի, երկրաշարժի ու շրջափակման դժվարությունների և զոհողությունների առջև, այլ միասիրտ ու միաբան աներկբա պաշտպանեց ազատ ապրելու իր իրավունքը։ Դժվարին, բայց վերընթաց ուղի ենք անցել նաև մեր նոր պետականությունը ու նոր կյանքը կառուցելու ճանապարհին, որը մեր ժողովրդի միասնական ջանքերով, հավատով, նվիրումով ու սիրով առավել լայնահուն պիտի դառնա ու լուսավոր։ Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար` հանուն մեր Հայրենիքի առաջընթացի ու բարօրության, հանուն համայն հայության միացյալ ու պայծառ գալիքի։

Աղոթք ու մաղթանք ենք բարձրացնում երկինք, որ Տերը Հայրախնամ Իր Աջի ներքո պահպանի Հայաստանի Հանրապետությունը, շնորհով լեցուն ու հավատով զորացյալ պահի մեր ժողովրդին` ապրելու և գործելու ի սեր և ի փառս հայրենյաց։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեանն։