Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանեց եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մատուցեցին ավանդական աղ ու հացը: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը ներկայացրեց դեռևս 2008 թվականին հիմնադրված տաճարի կառուցման պատմությունը, քարոզչական-կրթական գործունեության իրականացման համար ստեղծված պայմանները:
Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Նովոսիբիրսկի նահանգապետը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, թեմի հոգևոր սպասավորներ, քրիստոնեական և այլ կրոնական հարանվանությունների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մարզի տարբեր ծայրերից այս ուրախալի առիթով ժամանած բազում հայորդիներ:
Հոգեպարար արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առընթերակցությամբ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարեց եկեղեցու օծման արարողությունը` նորակառույց տաճարը կոչելով Սուրբ Աստվածածնի անունով:
Այնուհետև Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց Նովոսիբիրսկի հայ համայնքի կյանքում կարևոր այս տոնախմբության մասնակիցներին: «...Տոն է այսօր, քանզի բացվեցին Աստծո տան դռները, որտեղ մեր ժողովրդի զավակունք Արարչի հետ հաղորդակցությամբ Տիրոջն են ներկայացնելու իրենց աղոթքն ու խնդրանքները, իրենց գոհաբանությունը: Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքին բազում փորձություններ ու դժվարություններ կրեց, վերապրեց Հայոց Ցեղասպանությունը, հարություն առավ և հարատևեց իբրև ստեղծագործ ժողովուրդ, որովհետև փարվեց իր Եկեղեցուն, որը մշտապես խնամել, միավորել, ներշնչել և առաջնորդել է հայոց ազգին փրկության ճանապարհով:
Հավատքն է մեր զորության աղբյուրը, հավատքով ենք մենք միաբան, հավատքով ենք մենք հաղթական: Արդարև, անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որը կերտել է հարուստ հոգևոր արժեհամակարգ, մի ժողովրդի, որը չի վարանել երբեք իրեն զոհաբերել հանուն Աստծո և հայրենիքի: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքով լուսավորված իր լինելիության ողջ ընթացքում ձգտել է իր կյանքը խարսխել Ավետարանի պատվիրանների վրա` իր շուրջբոլորը լցնելով հոգևոր արժեքներով, որոնք այսօր, անտարակույս, համամարդկային մշակույթի հարուստ ժառանգության մաս են կազմում:
Ճշմարիտ է ասված՝ ով մոռանում է իր պատմությունը, զուրկ է ապագայից և անխուսափելիորեն դատապարտված է կորստյան: Այս գիտակցությամբ ռուսաստանաբնակ հավատավոր մեր զավակները կառուցեցին եկեղեցիներ, հաստատեցին դպրոցներ, նվիրվեցին հոգևոր կյանքի վերարթնությանը, որպեսզի ամուր պահեն առ Աստված հավատը և իրենց զավակներին հաղորդ դարձնեն ազգային, հոգևոր մեր դարավոր անանց արժեքներին», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը խոսեց Ռուսաստանում տարբեր ազգությունների և կրոնների, նրանց ավանդությունների ու սովորույթների հանդեպ տիրապետող հարգանքի մթնոլորտի մասին` անդրադառնալով այն իրողությանը, որ ռուսաստանաբնակ հայորդիները ևս իշխանությունների հոգածու ուշադրության շնորհիվ, նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու եղբայրական և ջերմ վերաբերմունքի պայմաններում հնարավորություն ունեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի խնամակալության ներքո լիարժեքորեն կազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր հորդորն ուղղեց հայորդիներին`շարունակելու ավետարանական սիրո պատգամով արարել և զորացնել ազգային-եկեղեցական կյանքը, ապրել որպես արժանապատիվ ու օրինապահ քաղաքացիներ և իրենց օգտաշատ գործունեությամբ հավելել նաև փառքը մեր ժողովրդի:
Եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը բերեց Նովոսիբիրսկի մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ դսրևորած մշտական ուշադիր վերաբերմունքի համար:
Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղեց միտրոպոլիտ Տիխոնին` նրա ներկայությունը նկատելով իբրև խոսուն վկայություն Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ կապերի:
Նորին Սրբությունը իր օրհնությունը և բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր դասին, ովքեր նախանձախնդրորեն ծառայում են ի խնդիր Ռուսաստանի Դաշնությունում մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու պայծառության:
Նովոսիբիրսկի մարզում բնակվող հայորդիներին Վեհափառ Հայրապետը մաղթեց Բարձրյալի ամենառատ ողորմությամբ խաղաղություն և բարօրություն` աղոթելով, որ ոչ մի դժվարություն և փորձություն չշեղի նրանց՝ հավատն ու սերը, ազգային սրբությունները պահպանելու սրբազան ձգտումից, իրենց շուրջը գեղեցիկն ու բարին արարելուց:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորին Իր մշտական օրհնության ներքո առաջընթացի ու պայծառության մեջ պահել ու պահպանել Նովոսիբիրսկի մարզը և նրա բարեսեր բնակիչներին, ամուր ու անսասան բարեկամություն պարգևել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին:
Արարողության ավարտին Նորին Սրբությունը նորաօծ տաճարին ընծայեց Սուրբ Ծննդյան սրբապատկեր, իսկ նորակառույց եկեղեցու բարերար, Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան: Հայրապետական օրհնության գրեր հանձնվեցին նաև եկեղեցու կառուցմանը իրենց աջակցությունը բերած մի շարք անձանց:
Նորին Սրբությունը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին ընծայեց պանակե` առիթ ընծայելով վերջինիս իր շնորհավորանքները, ջերմ զգացումներն ու բարեմաղթանքներն ուղղելու ներկաներին մարզի հայ համայնքի կյանքում կարևոր այս իրադարձության առիթով:
Արարողությունն ամփոփվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց եկեղեցու շրջափակում հավաքված ժողովրդին` բոլորին ընծայելով խաչեր` ի նշան Սուրբ Էջմիածնի օրհնության:
Նույն օրը ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նովոսիբիրսկի նահանգապետի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:
Վեհափառ Հայրապետի այցը Նովոսիբիրսկ եզրափակվեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմամբ, որտեղ վերստին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հորդորները բերեց հայորդիներին: