Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքի բացման արարողությունը
Օգոստոսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքի բացման արարողությունը: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Գեւորգ եւ Սիրվարդ Հովնանյանների հովանավորությամբ:
Հանդիսության սկզբում Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանն անդրադարձավ 130-ամյա կրթական հաստատության փառապանծ պատմությանը, նրա ունեցած կարեւոր դերակատարությանը մեր ժողովրդի կյանքում: Տեսուչ Տեր Հայրը ներկայացրեց նաեւ ճեմարանի արդի վիճակն ու այն բազմաթիվ ծրագրերը, որոնք միտված են հոգեւորականաց նոր սերնդի պատրաստությանը:
Մեր ժողովրդի կյանքում Գեւորգյան Հոգեւոր ճեմարանին վերապահված բացառիկ նշանակության մասին արտահայտվեցին ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանն ու ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին նաեւ բարերար Գեւորգ Հովնանյանը:
«Տեսնում եմ, որ Մայր Աթոռի ոսկեդարը նոր է սկսվում, Վեհափա°ռ Տեր: Հուսով եմ, որ նոր սերունդը պիտի հետեւի Ձեր օրինակին` առավել զորացնելով Ս. Էջմիածինն ու մեր մայր եկեղեցին, քանզի միայն Հայոց Եկեղեցին է, որ իր 1700-ամյա փորձառությամբ կարողացել է մեզ հայ պահել ու ջերմացրել մեր հոգիները` մեր մտքում եւ սրտում միշտ վառ պահելով սերը դեպի մեր հայրենիքն ու մեր եկեղեցին»,-իր խոսքում նշեց ազգային բարերար Գեւորգ Հովնանյանը:
Վերջում ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն անդրադարձավ այն կարեւոր առաքելությանը, որ վերապահված է եղել եւ է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանին` բարձր գնահատելով ազգային բարերարներ տեր եւ տիկին Գեւորգ եւ Սիրվարդ Հովնանյանների, ինչպես նաեւ Հովնանյան գերդաստանի անսակարկ նվիրմանը` հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու մեր հայրենի պետությունը:
«Այսօրվա ուրախությունն աղոթք է դարձել մեր հոգում մեր երջանկահիշատակ նախորդ Հայրապետների համար, որոնց տեսիլքն ու երազն է եղել տեսնել վերաբացված դռներն այս պատմական հաստատության, տեսնել զորացած ու անշեղ ընթացող մեր եկեղեցին: Քանզի նրանով են ապրել եւ պահպանել իրենց ինքնությունը մեր նախնիք, նրանով են հայաշունչ ոգով կրթել ու դաստիարակել իրենց զավակներին»,-նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Բացման արարողոթյանը ներկա էին Հովնանյան գերդաստանի ավելի քան 30 անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ԵՊՀ-ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, մշակույթի եւ գիտության մշակներ ու բազմաթիվ հյուրեր:
Հանդիսությանը գեղարվեսդտական հայտագրով հանդես եկավ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ Ռուբեն Շարբաթյանի: