Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ 20.04.2005

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Համաժողովի պատվարժան մասնակիցներ եւ հյուրեր:

Ողջունում ենք Ձեզ Հայոց Ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված միջազգային այս համաժողովի առիթով եւ բերում օրհնություն համայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Մեր ժողովրդի համար այսօր մեծ մխիթարություն է, որ տասնամյակներ անց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայկական Ցեղասպանությունը, որը բազմաթիվ փորձություններ տեսած մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է:

Քաղաքակրթության առաջընթացի, լուսավորության դարում մեր ժողովուրդը հույս ուներ գտնել անձի ապահովություն, մարդկային իրավունքի պաշտպանություն եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի պայմաններ, բայց բնաջնջվեց Թուրքիայի տարածքում գտնվող իր պատմական Հայրենիքի մեծագույն հատվածի վրա եւ թուրքական կայսրության հայաշատ բնակավայրերում: Կազմակերպված կոտորածներն ու տարագրությունը վերածվեցին մահվան նախճիրի. ինչ չէր հասցնում սուրը, ավարտում էին սովն ու համաճարակները: Փաստական վկայությունների պակաս չեն զգում այս իրադարձությունների ուսումնասիրությունները: Այսօր մի շարք պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը` իբրեւ մարդկության դեմ գործված մեծագույն ոճիր, վստահություն է ներշնչում Մեզ, որ այն պիտի գտնի համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական:

Հայ ժողովրդի համար Ցեղասպանության մեծագույն աղետով սկսված 20-րդ դարը մարդկության պատմության մեջ մնաց իբրեւ երկու համաշխարհային պատերազմերի դար: Նույն այն մտածողությամբ, որով կազմակերպվեցին սոսկալի, վայրագ ջարդերը հայերի, ծնունդ առան համակենտրոնացման ճամբարներն ու գազախցիկները: Նոր դար է սկսվում եւ պիտի սկսվի նոր մտածողությամբ` բռնությունն ու ոճիրը մերժող եւ մարդասիրական արժեքները հաստատող: Դար, որի մեջ, ինչպես սաղմոսերգուն է ցանկանալով ցանկանում` ողորմությունն ու ճշմարտությունը հանդիպեն եւ արդարությունն ու խաղաղությունը համբուրվեն: Մենք` մարդիկ, պիտի կերտենք այդ դարը: Պատմությունը վկայում է, որ ավերներից սովորաբար ավելի հեշտ վերականգնվում են քաղաքները, բարեփոխվում են կյանքի պայմանները, քան փոխվում են մարդկանց հոգեբանությունն ու մտածողությունը, կյանքի բարոյական չափորոշիչները, որոնք եւ ե°ն իրական երաշխիքները առաջընթացի եւ հույսը` գալիքի: Թուրքիայի համար նույնպես Հայոց Ցեղասպանության ճանաչումը պիտի դառնար մարդկային իրավանց եւ ժողովրդավարության իրական նվաճում, առանց որի, Թուրքիան պիտի դժվարանա կառուցել ազատ, արժանապատիվ ու երջանիկ կյանք:

Սիրելիներ, բոլոր ժամանակների գերագույն ձգտումն ու նպատակը, գերագույն ջանքը պիտի լինի, որպեսզի հաղթանակող մնան մարդասիրությունը, իրավունքն ու արդարությունը` ընդդեմ ատելության ու թշնամության, ահաբեկչության ու պատերազմի եւ այլ չարիքների, որոնք տեղ ունեն արդի մեր իրականության մեջ, դարի մարտահրավերներն են մարդկության առջեւ ծառացած:

Միջազգային ներկայացուցչական այս համաժողովը նույնպես կոչված է մեր ժամանակի մարտահրավերներին անդրադառնալու: Հայոց Ցեղասպանության 90-ամյակի հիշատակումը սոսկ առիթ չէ, այլ նաեւ` հրամայական` այս առումով: Մեր մաղթանքն է, որ համաժողովը իր նպաստը բերի ավելի լավ, ավելի բարեգործ աշխարհ ունենալու մարդկության հույսերի ու ձգտումների մարմնավորման գործընթացներում:

Մեր գնահատանքն ենք բերում հավաքի կազմակերպիչներին եւ Ձեզ բոլորիդ եւ ամենայն հաջողություններ մաղթում համաժողովի աշխատանքներին:

Թող Տերը օրհնի մեզ եւ օրհնի խաղաղության ու արդարության ու ազգերի միջեւ եղբայրության ճանապարհները:

Աղոթք եւ օրհնություն մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Աստծո ողորմությունը, շնորհն ու սերը թող լինի աշխարհի եւ մեզ հետ: Ամեն:

Երեւան, 20 ապրիլի, 2005 թ.