ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ հայոց
Գոհություն և փառք բարձրացնենք առ Աստված, որ ինքնիշխան ու ազատ է մեր Հայրենիքը և մենք կրում ենք պատիվն ու պատասխանատվությունը ապահով ու ամուր պահպանելու և զորացնելու անկախ մեր Հայրենիքի սրբազան իրականությունը` դարավոր տեսիլքը մեր նախնյաց։
Վերանկախացյալ Հայաստանի կյանքում սկսվում է նախագահական մի նոր շրջան։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ծառայական իր ուխտը կատարեց` ձեռքը դնելով Աստվածաշունչ Մատյանին և վկայակոչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Նախագահական երդման յուրաքանչյուր արարողություն արտահայտությունն է նաև ազգային պետականության մեր ապրումի, մեր հոգիներում` Հայաստանի անկախության ու ազատության խորհրդի պանծացումի։
Այս զգացումներով Ամենայն Հայոց մեր սրբօրրանից` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել ենք Հայրապետական Մեր օրհնությունը բերելու Հանրապետության վերընտրյալ Նախագահին և Մեր խոսքը ուղղելու աշխարհասփյուռ սիրեցյալ մեր ժողովրդին՝ հնչեցնելով Պողոս առաքյալի պատգամը. «Զի դուք յազատութիւն կոչեցեալ էք... սիրով ծառայեցէք միմեանց» (Գաղ. 5. 13¤։ Արդարև, ազատության ենք կանչված, սիրով ծառայենք միմյանց։
Դժվարին օրեր ապրեցինք ընտրությունների հետ կապված, հուզումներ ու անհանգստություններ, որոնց անդրադարձը այսօր ավելի պիտի իմաստնացնի մեզ, ավելի ամրացնի միասնական լինելու մեր կամքն ու որոշումը, սիրով միմյանց ծառայելու մեր ձգտումը։ Այդ անդրադարձը ավելի որոշ պիտի դարձնի մեկ նպատակի` Հայրենիքի շահի մեր գիտակցումը։ Հայրենիքը մենք ենք` յուրաքանչյուրս և ամենքս։ Միաբանությամբ ու համերաշխությամբ պիտի գծենք Հայրենիքին ծառայության մեր ճանապարհը։ Սիրով միմյանց ծառայելով պիտի վկայենք մեր ճշմարիտ հայրենասիրությունը և մեծագույն հավատարմությունը Հայրենիքին։
Հայաստանի ազատության ու անկախության հետ ընտրել ենք նաև ժողովրդավարությունը։ Անցնող տասնամյակում առիթներ ունեցանք համոզվելու, որ ունեցած բոլոր ձեռքբերումներով հանդերձ, դեռևս ճանապարհ ունենք անցնելու դեպի կայացած ժողովրդավարություն, որի գերագույն նպատակը մարդու արժևորումն է, մարդու արժևորումը, որ ծնունդն է քրիստոնեական ոգու ու մտածումի։ Ժողովրդավարության մեր ճանապարհը լուսավորված և ուղիղընթաց կլինի, երբ մեր կյանքի անկապտելի մասը դարձնենք ավետարանի պատվիրաններն ու պատգամները, ապրենք քրիստոնեական արժեքներով, որոնցից հարկադրված հեռու ենք եղել տասնամյակներ շարունակ։ Արդարությունը, օրենքն ու իրավունքը Աստծո և միմյանց հանդեպ մեր սիրո արգասիքներն են, որ մեր հոգիներից պիտի բխեն, որպեսզի իրականություն դառնան և առաջնորդեն հասարակական մեր կյանքը ու ամրապնդեն մեր պետականության հիմերը։
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որ պատմության դժվարին ժամանակներում վառ է պահել ազատության սերը ժողովրդի հոգում և կրողը եղել ազգային պետականության վերականգնման տեսիլքի, իր ողջ կարողությամբ մշտապես զորակցելու է հայոց պետականության առաջընթացին ու հզորությանը` հավատարիմ իր դարավոր, նվիրական առաքելությանը Աստծո, Հայրենիքի և ազգի առջև։
Մեծարգո Նախագահ, Հայաստանում և Արցախում ազգային մեր պետականության վերականգնման և ամրապնդման դժվարին, բայց նաև` հերոսական ու հաղթական ճանապարհին Դուք ունեք գնահատելի Ձեր ներդրումը` ծառայելով Հայրենիքին հայրենի հողի պաշտպանության դիրքերից մինչև նախագահության բարձր պաշտոններ։ Այսօր Դուք վերստին կոչված եք բարձրագույն պատասխանատվության, երբ մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են բազմաթիվ հրամայականների առջև։ Նախ և առաջ Ձեզ են ուղղված բոլոր սպասելիքներն ու ակնկալիքները։ Լիահույս ենք և հանապազ աղոթող, որ աշխարհի այս խառնակ ժամանակներում սկիզբ առնող նախագահական Ձեր երկրորդ շրջանի հինգ տարիները Ձեր անձնդիր աշխատանքով և մեր ժողովրդի միասնական ջանքերով բնութագրվեն իբրև կառուցողական ժամանակաշրջան` բարօրություն բերելով մեր երկրին ու շինություն հանուր հայ կյանքին։ Տիրոջ օգնականությունն ու առաջնորդությունն ենք հայցում Ձեզ և մաղթում անշեղ ընթացք հայրենաշեն Ձեր իրագործումներին։
Թող Տերը հավատով զորացնի մեզ բոլորիս` աշխարհսփյուռ ազգս հայոց և արթուն պահի մեր մեջ եղբայրսիրության ոգին, որպեսզի սիրով ծառայենք միմյանց և միշտ տեսնենք Հայրենիքի շահը ու չկորցնենք գալիքի ուղին։ Այս հավատով միասնաբար աղոթենք հոտնկայս։
Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո. եղիցին կամք Քո` որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք, յաւիտեանս. ամէն։
«Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա, պահպանեա զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս, զվերընտրեալ Նախագահն սորա եւ զպատգամաւորս, զնախարարս եւ զամենայն իշխանաւորս հայրենի երկրին մերոյ եւ շնորհեա սոցա զկատարեալ իմաստութիւն` առաջնորդելոյ ժողովրդեանն հայոց ի բարիս եւ ի խաղաղութիւն։ Այլեւ օրհնեա եւ զօրացո, Տէր, զորդիս հայկազեանցն զարմից ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս` գնալ ի ճանապարհն սիրոյ եւ միաբանութեան, արդարութեան եւ Աստուածպաշտութեան ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական Խաչիւդ Քով։ Փրկեա, Տէր, յերևելի եւ յաներևոյթ թշնամւոյն, արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր և ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։