Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ
Խորը ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր, մեր սիրելի բարեկամ Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։
Նրա վախճանը ծանր կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ողջ ազգի համար։
Հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել մեր սիրելի Ասոյի բոլոր հայրենանվեր գործերը։
Իր բազմակողմ գործունեության մեջ կարևոր տեղ էր գրավում Հայոց Եկեղեցին, որին զորակցելու միջոցով բարեհիշատակ տիար Թավիթյանը յուրօրինակ իր տուրքն էր մատուցում ազգային ինքնության և ոգու ամրապնդման ձեռնարկներին։ Նրա ազնիվ հանձնառությամբ և ամենայն նախանձախնդրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց իրականացվել «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում» ծրագիրը՝ նոր դարի իրողություններին ներդաշնակ կառավարվող Հայոց Եկեղեցի ունենալու տեսլականով։ Այդ կապակցությամբ բազում առիթներ ենք ունեցել վայելելու մեծանուն հայորդու ներկայությունը Սուրբ Էջմիածնում։
Ավելի ուժեղ Հայաստան ունենալու մղումով էր մեր սիրելի Ասոն աջակցում նաև նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից շուրջ 350 երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում և այսօր ամենատարբեր ոլորտներում իրենց ծառայությունն են բերում ի պայծառություն մեր հայրենիքի։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր երանական օթևաններում քաղցրությամբ ընդունի մեր ժողովրդի նվիրյալ զավակի հոգին և Իր անբավ ողորմությամբ հատուցի այն բազում բարեսիրական գործերի համար, որոնցով իբրև խոնարհ հավատավոր անձ ապրում էր լուսահոգի Ասո Թավիթյանը և պիտի շարունակի մնալ Մեր հիշողության և ազգի պատմության մեջ։
Սիրելի՛ Ասո, հանգչի՛ր խաղաղությամբ։
Առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պիտի հոգեհանգստյան պաշտոն կատարենք տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի