Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններ հանձնեց Արշակ Մադոյանին եւ Վահագն Ստամբոլցյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններ հանձնեց Արշակ Մադոյանին եւ Վահագն Ստամբոլցյանին 08.07.2009

Հուլիսի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հայագետ Արշակ Մադոյանի եւ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մեծարման հանդիսությունը: Հայրենիքին, հայ մշակույթին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն բերած ծառայությունների համար Հայրապետական կոնդակով նրանք արժանացան Հայոց Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին:

Հանդիսության ընթացքում նշանավոր երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի կյանքին եւ գործունեությանն անդրադարձավ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նա իր խոսքում նշեց, որ խորհրդային տարիներին Վահագն Ստամբոլցյանի խիզախության շնորհիվ եկեղեցուց դուրս բազմաթիվ երաժշտասերներ հաղորդ դարձան հայ հոգեւոր երաժշտությանը եւ Հայոց Եկեղեցու անմահ գանձերին: Բանախոսը կարեւորեց նաեւ մեծարյալի մանկավարժական բեղուն գործունեությունը Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Հայագետ Արշակ Մադոյանի անցած ուղին ներկայացրեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի դասախոս Պետրոս Հովհաննիսյանը: Նա ընդգծեց մեծարյալի նվիրումը հայ մշակույթին եւ հայ մատենագրությանը` կարեւորելով նրա հայագիտական աշխատությունները եւ գիտամանկավարժական գործունեությունը:

Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» հոգեզմայլ շարականի երգեցողության ներքո Վեհարանի հանդիսությունների սրահ բերվեցին Հայրապետական Սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:

«Ուրախություն է Հայրապետիս համար բարձր գնահատանքի արժանացնել Ձեզ` հայագիտությանն ու հայ գրականությանը արգասավոր ծառայություն մատուցած նվիրյալ հայորդուդ: Բեղուն է գիտական եւ մանկավարժական երկարամյա Ձեր գործունեությունը եւ երախտարժան` Ձեր վաստակը, որ արդյունք է անխոնջ գիտնականիդ տարիների անդուլ ու ջանադիր աշխատանքի: Այսօր Մայր Հայրենիքում ու նրա սահմաններից դուրս լայնորեն ծանոթ են հայ հին եւ արդի գրականությանը եւ մեր ժողովրդի պատմությանը նվիրված Ձեր գրքերն ու հոդվածները, որոնցում արտացոլված է նաեւ Ձեր սերը մեր ժողովրդի ու Հայրենիքի, մեր երանաշնորհ հայրերի ավանդների հանդեպ: Դուք առանձնակի կարեւորութիւն եք ընծայել եկեղեցական մեր հարուստ ժառանգության ուսումնասիրմանը` հրատարակելով արժեքավոր աշխատություններ Հայ Եկեղեցու եւ անվանի հայ եկեղեցականների վերաբերյալ եւ աշխարհաբարի վերածելով բազմաթիվ գործեր մեր հոգեւոր գրականության գանձարանից»,- ասվում է Արշակ Մադոյանին ուղղված հայրապետական կոնդակում:

«Ձեր կյանքը ամբողջական նվիրում ու ծառայություն է երաժշտական արվեստին: Տասնամյակներ շարունակ Դուք մեր ժողովրդին եք մատուցում Ձեր բարձր ու գեղեցիկ արվեստը` սիրով ու հիացմունքով համակելով ունկնդիրներին երգեհոնային երաժշտության հանդեպ: Ուրախ ենք հաստատելու, որ Ձեր կատարումներում հատուկ տեղ են գրավել հայ հոգեւոր երաժշտության գանձերը: Այսօր էլ, տասնյակ տարիներ անց հայորդյաց հիշողության մեջ թարմ են տաղանդաշատ երգչուհի Լուսինե Զաքարյանի հետ Ձեր համատեղ ելույթների անկրկնելի տպավորությունները»,- նշվում է Վահանգն Ստամբոլցյանին ուղղված Սրբատառ կոնդակում:

Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին գնահատանքի եւ ուշադրության համար` հանդիսության մեծարյալները շեշտեցին, որ պիտի շարունակեն իրենց անսակարկ ծառայությունը հայ ժողովրդին, հայ մշակույթին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն:

Վերջում ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով մեծարյալներին կյանքին` Նորին Սրբությունը նշեց, որ այն եղել է համակ սեր եւ նվիրում իրենց գործին եւ հայ մշակույթին: Հայոց Հայրապետը ստեղծագործական անհուն եռանդ մաղթեց նրանց, որպեսզի իրենց հավատավոր եւ հայրենասեր շնչի ներքո դեռ երկար տարիներ հասակ առնեն եւ դաստիարակվեն բազում հայորդիներ:

Հանդիսությանը գեղարվեստական հայտագրով հանդես եկան «Նոր անուններ» խմբի պատանի երաժիշտները:

Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, գիտության եւ մշակույթի գործիչներ: