Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ» շքանշան շնորհեց Աղասի Այվազյանին
Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Ամենայն Հայոց Հայրապետը ծննդյան 80-րդ տարեդարձի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց արձակագիր, հրապարակախոս Աղասի Այվազյանին` հայ ժողովրդին ու Հայրենիքին մատուցած ծառայությունների ու վաստակի համար:
Արարողության սկզբում Ա. Այվազյանի` արվեստի տարբեր բնագավառներում ծավալած գործունեությանն ու վիթխարի վաստակին անդրադարձավ ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: «Այս շքանշանը արժանի հատուցումն է այն ծառայության, որ Աղասի Այվազյանը մատուցել է մեր ժողովրդին», - ասաց պրն. Անանյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը պարգեւի համար եւ անդրադառնալով Մայր Աթոռի եւ Գրողների միության միջեւ առկա սերտ համագործակցությանը:
Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը:
«... Հավատավոր հոգով ու որդիական նվիրումով աստվածատուր գրական Ձեր շնորհը ու բոլոր ջանքերը տարիներ շարունակ Դուք անմնացորդ ծառայեցրել եք հայ մշակույթին, մեր Հայրենիքին ու ժողովրդին, եւ Ձեր ստեղծագործությունները իրենց արժանի տեղն ունեն արդի հայ գրականության հարուստ անդաստանում: Մեր ժողովուրդը միշտ գնահատանքով է ընդունել Ձեր պատմվածքները, վիպակներն ու հրապարակախոսությունները, որ համակված են սիրով ու հավատարմությամբ մեր ազգային արժեքների ու հայրենի ժառանգության հանդեպ: Մեծ ճանաչում ունեն մանավանդ Ձեր սցենարներով նկարահանված կինոնկարները, որոնք հայ կինոարվեստը ներկայացնող գործեր են եւ սիրվելու ու արժեւորվելու են նաեւ հետագա սերունդների կողմից», - ասված է Հայրապետական կոնդակում:
Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մեծարյալի կուրծքը զարդարեց «Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ» շքանշանով: «Ձեր օրհնությունը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Այս շքանշանի հանձնումը անակնկալ էր ինձ համար եւ մեծ պատիվ», - հուզված ասաց պրն. Այվազյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը բարձր պարգեւի համար:
Իր Հայրապետական օրհնությունը ներկաներին ուղղեց նաեւ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Նախախնամական ենք համարում, որ այս պարգեւի հանձնումը կատարվում է այսօր, երբ տակավին ապրում ենք խորհուրդը մեր մեծ թարգմանիչ վարդապետների, որոնց տոնը մենք տոնախմբեցինք երեկ: Այսօր Հայ Եկեղեցու մեծագույն սրբերի` Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպի շքանշանը զարդարում է ձեր կուրծքը` ի գնահատություն ձեր ծառայության, որ դուք իրականացրել եք ազգային մեր կյանքում, մաշտոցյան գործը շարունակելով մեր ժողովրդի կյանքից ներս, կրթելով, սնելով, դաստիարակելով հայորդիների ներկա սերնդին ձեր հոգու ազնիվ զգացումներով, ձեր հայրենասիրությամբ, առ Հայրենին ունեցած բարի իղձերով, երազներով ու տեսիլքներով»,- նշեց Նորին Սրբությունը` մաղթելով, Տիրոջ զորակցթյունը վաստակաշատ գրողին: