Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշան շնորհեց Պետրոս Ասլանյանին
Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգ
եւատրեց Արաբական Միացյալ Էմիրություններում, Շարժայում բնակվող տիար Պետրոս Ասլանյանին` հանդեպ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայրենիքը ու հարազատ ժողովուրդը ցուցաբերած եւ գործերով վկայված սիրո համար:
Արարողության սկզբում Պետրոս Ասլանյանի կյանքի ուղին եւ բարեգործական բեղուն գործունեությունը ներկայացրեց «Տիգրան Մեծ» հրատարակչատան փոխտնօրեն Լյուդվիգ Հարոյանը: Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցվեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանի կողմից:
«...Գոհունակությամբ ենք անդրադառնում բազմաբեղուն այն գործունեությանը, որը տասնյակ տարիներ իրականացնում եք Դուք ազգային-հասարակական մեր կյանքում: Ծնվելով ու հասակ առնելով հայ կյանքի ավանդույթներով հարուստ Եթովպիայում, Դուք երիտասարդ տարիքից ինքնաբուխ լծվեցիք ազգանվեր ծառայության` ի սպաս դնելով Ձեր ջանքերը, ժամանակը եւ նյութական կարողությունները: Ծառայանվեր նույն ոգով Դուք շարունակեցիք Ձեր ծառայությունները մեր ժողովրդին նաեւ Արաբական Միացյալ էմիրություններում` դրսեւորելով հայ համայնքը միշտ շեն ու պայծառ տեսնելու Ձեր նախանձախնդրությունը:
Համայնքային կյանքում Ձեր ծառայություններին զուգընթաց Դուք գովելի մասնակցություն եք բերում նաեւ Հայրենի մեր Երկրի զորացմանն ու առաջընթացին` Ձեր ավանդը բերելով Միացյալ Էմիրություններում ՀՀ Դեսպանության բացման, ինչպես եւ Դեսպանատան շենքի կառուցման աշխատանքներին:
Հայրապետիս համար ուրախություն է հաստատել նաեւ, որ Ձեր կյանքի ողջ ընթացքին Դուք դրսեւորել եք անկեղծ սեր ու նվիրում հանդեպ լուսո խորան Սուրբ Էջմիածինը եւ տարբեր հանձնառություններով Ձեր աջակցությունը բերել Մայր Աթոռիս առաքելության իրականացմանը Քրիստոսասեր մեր ժողովրդի կյանքում», - ասված է Հայրապետական կոնդակում:
Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը պրն. Ասլանյանի կուրծքը զարդարեց «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով` գնահատելով մեծարյալի ազգօգուտ ու եկեղեցաշեն արդյունաշատ վաստակը: Ապա շնորհված մեծ պատվի համար Նորին Սրբությանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Պետրոս Ասլանյանը:
Արարողության ավարտին իր Հայրապետական գնահատանքն ու օրհնությունը մեծարյալին ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Տարիներ ի վեր ճանաչում ենք ձեզ եւ, որքան շփվել ու մոտիկից ճանաչել ենք, այնքան սիրել ենք ձեզ, ձեր ազնիվ հավատավոր, եկեղեցասեր ու ազգասեր ոգին, տեսել ենք անկեղծությունն ու խոնարհությունն անձիդ մեջ եւ բարձրորեն գնահատել: Այսօր մենք զարդարում ձեր կուրծքը «Սբ. Ներսես Շնորհալի» բարձր շքանշանով, որպես գնահատություն ձեր բոլոր ծառայությունների, որ բերել եք մեր ազգին, մեր Եկեղեցուն ինչպես Եթովպիայում, այնպես եւ Արաբական Էմիրություններում, այնպես եւ Մայր Հայրենիքում: Մենք ուրախ ենք ձեր վաստակի համար, որ ձեր ազնիվ հոգով դուք արձանագրել եք եկեղեցական մեր կյանքից ներս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության մեջ»,- մասնավորաբար ասաց Նորին Սրբությունը` մաղթելով տիար Ասլանյանին նույն նախանձախնդիր, հավատավոր ու նվիրյալ ոգով շարունակել ծառայությունն ի նպաստ Հայրենիքի շինության եւ Եկեղեցու պայծառության: