Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին գործունեության 25-ամյակի առիթով
Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարներին, ակնաբուժներին և բարերարներին:
Բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Նունե Եղիազարյանն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նախագծի սկզբնավորման պատմությունը և անցնող քսանհինգ տարիների գործունեությունը, խոսեց Կապանում մարզային ակնաբուժական կենտրոնի բացման մասին:
Հիմնադրամի հիմնադիր-նախագահ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն իր հերթին ևս անդրադարձավ բարեգործական ծրագրի մտահղացմանը՝ երախտագիտությամբ հիշելով ծրագրին մասնակից բոլոր բժիշկներին և անհատ բարերարներին: Նա նաև ընդգծեց, որ ծրագրի բարեհաջող իրականցմանը մեծապես նպաստել է այն, որ ի սկզբանե հիմնադրամը ստացել է Հայոց Եկեղեցու օրհնությունը և մշտապես համագործակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ:
Այնուհետև հիմնադրամի գործունեության 25-ամյակի առիթով ներկաներին շնորհավորեց և իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ծրագրի առաջին օրվանից քաջ ծանոթ է հիմնադրամի գործունեությանը, որը, տիար Ռոջեր Օհանեսյանի նվիրյալ ջանքերի շնորհիվ, հայրենիքի կյանքի դժվարին ժամանակաշրջանից սկսած առ այսօր օգնում է տեսողության խնդիրներ ունեցող հայորդիներին՝ հասնելով նրանց բնակության ամենահեռավոր շրջաններն ու վայրերը:
Մեծապես կարևորելով հայրենակիցների և, մասնավորապես, սոցիալապես անապահով քաղաքացիների առողջությանն ու ակնաբուժական խնամքին ուղղված բարեգործական այս նախագիծը՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց հիմնադրամի պատասխանատուներ՝ պրն. Ռոջեր Օհանեսյանին, տիկ. Նունե Եղիազարյանին, ինչպես նաև բոլոր այն բարերար անձանց ու ակնաբույժներին, ովքեր մաս և բաժին ունեն այս օրհնյալ ծառայական գործում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ գործունեություն ու բարի ընթացք մաղթեց հիմնադրամին և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ձեռնարկված բոլոր նոր ծրագրերին: